Լրահոս
Միջազգային
21:00
02.05.26
331

ԱՄՆ-ը դիտարկում է Կուբայում ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը․ Politico

Img default alt hy

Սպիտակ տունը դիտարկում է Կուբայում գործող իշխանությունը տապալելու նպատակով ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը, սակայն առայժմ նախապատվությունը տալիս է դիվանագիտական միջոցներին։ Այս մասին, հղում անելով ԱՄՆ վարչակազմի սեփական աղբյուրներին, հայտնել է Politico թերթը։

Ինչպես նշել են պարբերականի զրուցակիցները, Վաշինգտոնը փորձում է դրդել Հավանային իրականացնել տնտեսական բարեփոխումներ, որոնց թվում են պետական ձեռնարկությունների մասնավորեցումը, օտարերկրյա ներդրումների դերի մեծացումը և երկրի քաղաքացիների համար ինտերնետի հասանելիության ընդլայնումը։ ԱՄՆ-ի հերթական պահանջը Կուբային ամերիկյան էներգակիրների գնումն է։

Թերթն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները կուբայական կողմին հասկացրել է, որ իրենք «կարող են սպասել» իշխանության ամբողջական փոփոխությանը, սակայն Վաշինգտոնը կցանկանար, որ կղզու որոշ պաշտոնյաներ հրաժարական տան։

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների կուրսի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ Ավելի վաղ նա բազմիցս պնդել էր, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են անկմանը, քանի որ ԱՄՆ-ի ճնշման ներքո դադարեցվել են Վենեսուելայից կղզի-պետություն նավթի մատակարարումները։ Փետրվարի 27-ին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող են «բարեկամաբար վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ»։

Ինչպես մարտի 13-ին հայտնել էր Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, Հավանան և Վաշինգտոնը բանակցություններ են անցկացրել, որոնք «ուղղված են եղել երկկողմ տարաձայնությունների շուրջ երկխոսության միջոցով լուծումներ գտնելուն»։ Միևնույն ժամանակ, ինչպես փետրվարին տեղեկացրել էր Axios պորտալը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գաղտնի քննարկում է Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես Կաստրոյի հետ կղզու ապագան։