Լրահոս
Իրավական
15:14
21.08.19
92

«Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձիք չարաշահել են պաշտոնեական դիրքը

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված 
տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի 
պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել են 
«Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» 
ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով 
գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք 
կատարելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներ:


  Մասնավորապես. ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ. ձեռք է բերվել 5350 լիտր 
բենզին՝ 2.045.500 ՀՀ դրամ արժեքով, որը լրացված վառելիքի պահանջագրերի և 
մեքենայի շահագործման ուղեթերթիկների համաձայն՝ ծախսագրվել է ՊՈԱԿ-ի 
հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի շահագործման համար:

Մինչդեռ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մեքենան չի շահագործվել, 
իսկ վառելիքի պահանջագրերում և մեքենայի շահագործման ուղեթերթիկներում 
մտցված տվյալներն ակնհայտ կեղծ են:

2018թ. ՊՈԱԿ-ը ձեռք է բերել 3.313.850 ՀՀ դրամ ընդհանուր աժեքով 
անկողնային, լոգարանային պարագաներ, ափսեներ, բաժակներ, այդ թվում՝ 279.000 
ՀՀ դրամ արժեքով պրոյեկտոր:

Սակայն պարզվել է, որ նշված ապրանքներից 2.313.000 ՀՀ դրամ արժեքով 
ապրանքները ՊՈԱԿ-ում առկա չեն, իսկ նշված պրոյեկտորը ոչ թե գնվել է, այլ 
որպես նվիրատվություն ստացվել է բարերաներից:

Բացի այդ, 2017-2018թթ. երեխաների համար կազմակերպված միջոցառումների 
նպատակով ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել ընդհանուր առմամբ 1.393.822 ՀՀ դրամի 
սննդամթերք և նոր տարվա նվերներ, մինչդեռ, ձեռք բերված սննդամթերքը 
երեխաներին չի բաշխվել:

2017-2018թթ. երեխաների համար ՊՈԱԿ-ը ձեռք է բերել ընդհանուր առմամբ 
61.111.000 ՀՀ դրամի սննդամթերք, մինչդեռ սննդամթերքի բաշխման 
փաստաթղթերում կատարված հավելագրումների հետևանքով 38.000.000 ՀՀ դրամի 
սննդամթերք դուրս է գրվել, սակայն երեխաներին չի բաշխվել:

Բացի այդ, ՊՈԱԿ-ի դասամատյանների համաձայն՝ կիսամյակային դասապրոցեսը 
առաջին կիսամյակում ավարտվում է դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդ 
կիսամյակում՝ մայիսի 25-ին, մինչդեռ, դեկտեմբերի 23-ին և մայիսի 26-27-ը 
լրացված փաստաթղթերի համաձայն՝ նշված օրերին 75-100 երեխայի համար սնունդ է 
բաշխվել:

Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ում ներքին համատեղությամբ աշխատող 30 
աշխատակիցները փաստացի աշխատել են 1 դրույք (օրական 8 ժամ), սակայն 
վարձատրվել են 1.3 կամ 1.5 դրույքի չափով, ինչի արդյունքում չաշխատած 
աշխատաժամանակի համար 2017-2018թթ. վճարվել է 26.128.000 ՀՀ դրամի 
աշխատավարձ:
Բացի այդ, 2017-2018թթ. ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստերի կեղծ 
արձանագրությունների հիման վրա դուրս են գրվել 25.885.861 ՀՀ դրամի 
պարգևավճարներ:

Արձանագրված խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազության պետական 
շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ 
քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 
2-րդ մասով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների 
հատկանիշներով :

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է 
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական 
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ 
մտած դատավճռով: