Լրահոս
Միջազգային
16:27
07.05.26
114

Ֆիցոյի թռիչքը Մոսկվա «հյուսիսային երթուղով» կտևի մոտ չորս ժամ․ ՏԱՍՍ

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի թռիչքը Բրատիսլավայից Մոսկվա այսպես կոչված «հյուսիսային երթուղով»՝ Չեխիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի տարածքով, կտևի մոտ 3,5-4 ժամ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրամիության ավիադիսպետչերական շրջանակների աղբյուրը։

Ավելի վաղ «Marker» լրատվական պորտալը՝ հղում անելով Սլովակիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին, հայտնել էր, որ Ֆիցոն Մոսկվա՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին կմեկնի չորս երկրների օդային տարածքով։ «Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում սա ամենակարճ երթուղին է. այն կտևի 3,5-ից 4 ժամ՝ կախված օդանավի շարժման համար օգտագործվող միջանցքներից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ Գերմանիայի օդային տարածքից դուրս գալուց հետո ինքնաթիռը կկարողանա թռչել Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով՝ գտնվելով Ստոկհոլմի և Հելսինկիի դիսպետչերների կառավարման ներքո։

Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ երկրորդ տարբերակը, որը նույնպես դիտարկվում էր Մոսկվա մեկնելու համար, այսպես կոչված «հարավային երթուղին» էր, որը ներառում էր թռիչք Ավստրիայի, Իտալիայի, Միջերկրական ծովի չեզոք ջրերի, Թուրքիայի վրայով և մուտք դեպի Ռուսաստանի օդային տարածք Սև ծովի կողմից։ «Այդպիսի ճանապարհը կարող էր տևել մինչև 8 ժամ»,- նշել է աղբյուրը։

Ավելի վաղ Լատվիան, Լիտվան և Էստոնիան մերժել էին Սլովակիայի վարչապետին օգտագործել իրենց օդային տարածքը Մոսկվա մեկնելու համար։ Ընդ որում, ինչպես նշել էր ՏԱՍՍ-ի զրուցակիցը ավիադիսպետչերական ծառայություններում, էստոնական երկինքն ի սկզբանե չէր դիտարկվել թռիչքի համար՝ երկրի աշխարհագրական դիրքի պատճառով։ Ավելի ուշ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին նույնպես հայտնել էր, որ Սլովակիայի վարչապետի ինքնաթիռի՝ լեհական օդային տարածքով թռիչքի հարցը հանվել է օրակարգից։ Նախարարը սահմանափակվել էր միայն այս կարճ պատասխանով՝ չպարզաբանելով, թե արդյոք Վարշավան պատրաստվում էր թռիչքի թույլտվություն տալ, թե ոչ։

Ֆիցոն ծրագրում է մայիսի 9-ին ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին և ակնկալում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա Մոսկվա է մեկնում՝ հարգանքի տուրք մատուցելու այն կարմիրբանակայիններին, ովքեր զոհվել են հիտլերականների դեմ Սլովակիայի ազատագրման համար մղված մարտերում։