Լրահոս
Իրավական
12:58
30.08.19
97

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Img default alt hy

Քաղաքացիները 2019-ի սեպտեմբերի 1-ից կարող են դիմել իրենց նախընտրած ՔԿԱԳ տարածքային մարմին կամ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու, այդ թվում՝ քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականների կրկնօրինակներ և տեղեկանքներ ստանալու համար:

Քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվելու է քաղաքացու դիմումը ՔԿԱԳ մարմնում մուտքագրելու նույն օրը, եթե՝

- պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է 2014-ի սեպտեմբերի 30-ից հետո կամ

- քաղաքացին 2014-ի սեպտեմբերի 30-ից հետո ստացել է վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք կամ

- պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ը և թվայնացված է ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում։ ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում քաղաքացիական կացության ակտի ստուգումը կատարվում է ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից դիմումը մուտքագրելու պահին:

Եթե ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում պահանջվող քաղաքացիական կացության ակտը դեռևս թվայնացված չէ, ապա վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվում է ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտն անցնում է ամբողջությամբ էլեկտրոնային ձևաչափով տրամադրվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին էլեկտրոնային վկայականների, վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների:

Քաղաքացիական կացության ակտի գրանցումը կատարելուց հետո, ինչպես նաև վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու մասին դիմումի վարույթի ավարտման արդյունքում՝ պահանջվող վկայականները, դրանց կրկնօրինակները կամ տեղեկանքներն ուղարկվելու են քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև քաղաքացու կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին:

Արդյունքում՝ քաղաքացուն հնարավորություն է ընձեռնվում մշտապես ունենալ իր վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականները և տեղեկանքները համակարգչում, հեռախոսի մեջ և տեղեկատվության պահպանման այլ տեխնիկական միջոցներում:

Վկայականների կամ դրանց կրկնօրինակների կամ տեղեկանքների իսկության ստուգումը կարող է իրականացվել դրանց վրա զետեղված էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող համարանիշը մուտքագրելով www.e-verify.am կայքում կամ օգտագործել դրանց վրա զետեղված արագ արձագանքման ծածկագիրը:

Քաղաքացու պահանջով ՔԿԱԳ մարմինները պարտավոր են տրամադրել վկայականը, վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը՝ թղթային կրիչի վրա:

Վկայականների կրկնօրինակների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն գանձվում է 3.000 ՀՀ դրամ, իսկ տեղեկանքի տրամադրման համար՝ 2.000 դրամ պետական տուրք:

ՔԿԱԳ մարմինների գործառույթների կատարման վերաբերյալ հարցերը կամ բողոքները խնդրում ենք ուղղել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայությանը՝ 85 00 հեռախոսահամարով: