Լրահոս
Միջազգային
23:15
05.05.26
568

Ֆրիդրիխ Մերցը հաստատել է Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը մասնակցելու Գերմանիայի պատրաստակամությունը

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերահաստատել է ԳԴՀ պատրաստակամությունը՝ որոշակի պայմանների դեպքում մասնակցելու Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ապահովմանը, այդ թվում՝ ռազմական ուժի ներգրավմամբ։

«Համապատասխան պայմանների առկայության դեպքում Գերմանիան պատրաստ է մասնակցել ծովային ուղիների ազատության ապահովմանը, այդ թվում՝ ռազմական միջոցների ներգրավմամբ», - Բեռլինում Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մերցը: Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերը հաստատել է ԳԴՀ առաջին նավի ուղարկումը Միջերկրական ծով, որը հետագայում կարող է վերատեղակայվել Հորմուզի նեղուցում:

Մայիսի 4-ին «Kieler Nachrichten» թերթը հայտնել էր, որ Գերմանիան Միջերկրական ծով է ուղարկել «Fulda» ականակիր նավը՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելությանը նախապատրաստվելու շրջանակներում: Նավը, որի անձնակազմը բաղկացած է շուրջ 40 հոգուց, Գերմանիայի հյուսիսում գտնվող Քիլի ռազմածովային բազայից դուրս է եկել ծով Մոսկվայի ժամանակով մոտ 15:00-ին: Հորմուզի նեղուցի առաքելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) մանդատը, սակայն ԳԴՀ իշխանությունները ցանկանում են, որ նավն ավելի մոտ գտնվի հնարավոր գործողության վայրին՝ պատգամավորների հավանությունը ստանալու դեպքում:

ԳԴՀ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ապրիլի 25-ին հայտնել էր Միջերկրական ծով ականակիր նավ և հրամանատարական-օժանդակ նավ ուղարկելու պլանների մասին: Նա նշել էր, որ Հորմուզի նեղուցի առաքելությանը Գերմանիայի միանալու պայմանն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դադարեցումն է: