Լրահոս
Միջազգային
21:06
07.05.26
475

Մերցը խոսում է ողջ Գերմանիայի անունից, նրա կեցվածքը ողջամիտ չէր․ Գերմանիայի նախկին ԱԳ նախարար

Img default alt hy

Գերմանիայի նախկին արտգործնախարար (1998-2005), «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Յոշկա Ֆիշերը խիստ քննադատության է ենթարկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության վերաբերյալ նրա դիրքորոշման համար և հայտարարել է, որ նման կերպ արտահայտվելը ողջամիտ չէր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բառերը հետևանքներ են ունենում, հատկապես Գերմանիայի կանցլերի բառերը։ Ես չեմ ցանկանում այստեղ գրաքննությամբ զբաղվել, բայց ինքս նման բան չէի ասի։ Հայտնի է, թե ինչպես է [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփն արձագանքում նման բաներին։ Գերմանիայի կանցլերը չի խոսում որպես մասնավոր անձ Ֆրիդրիխ Մերց. նա խոսում է որպես Գերմանիայի կառավարության ղեկավար, նա խոսում է ողջ Գերմանիայի անունից», - հայտարարել է Ֆիշերը ZDF հեռուստաալիքի եթերում։ Նրա պնդմամբ՝ «կարևորը ոչ թե անկեղծությունն է, այլ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և ամերիկյան կառավարության, այսինքն՝ ամերիկյան նախագահի միջև հարաբերությունները»։

«Ես կասկածում եմ, որ նման կերպ արտահայտվելը խելամիտ էր», - փաստել է Գերմանիայի նախկին ԱԳ նախարարը։ Մեկնաբանելով Իրանի շուրջ հակամարտության հնարավոր ելքը՝ Ֆիշերը կարծիք է հայտնել, որ ամերիկյան իշխանությունները բանակցելու են Թեհրանի հետ։ «Թրամփը բանակցություններ կվարի։ Արդյունքը կլինի նույնը, ինչին [ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք] Օբաման հասել էր առանց ուժի կիրառման», - պնդել է Գերմանիայի նախկին արտգործնախարարը։

Ապրիլի 29-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Գերմանիայում իր զորակազմը կրճատելու հնարավորությունը և շուտով որոշում կկայացնի այդ հարցով։ Նա չէր հստակեցրել, թե ինչու վարչակազմը կարող է դիմել նման քայլի, սակայն հայտարարությունը հայտնվեց այն բանից հետո, երբ Մերցը քննադատաբար էր արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական արշավի մասին՝ մատնանշելով Վաշինգտոնի հստակ ռազմավարության բացակայությունը։ Մայիսի 1-ին ԱՄՆ ռազմական նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Պարնելը հայտարարեց Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հրամանի մասին՝ Գերմանիայից 5 հազար ամերիկյան զինծառայող դուրս բերելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ զորքերի դուրսբերումը կավարտվի առաջիկա 6-12 ամիսների ընթացքում։