Լրահոս
Միջազգային
20:07
30.04.26
263

Ուկրաինական կարգավորման ձգձգումը օգուտ չի բերում Եվրոպային․ Ֆիդան

Img default alt hy

Ուկրաինական հակամարտությունը պետք է կարգավորվի այնպես, որպեսզի ապահովվի խաղաղություն և վերականգնվի կայունությունը Եվրոպայում։ Դրա ձգձգումը օգուտ չի բերում ոչ հակամարտության կողմերին, ոչ էլ եվրոպական երկրներին։ Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Արդեն հինգերորդ տարին շարունակվող պատերազմը չի կարող նորմալ համարվել Եվրոպայում։ Այն օգուտ չի բերում ոչ Ուկրաինային, ոչ Ռուսաստանին և հաստատ ոչ էլ մնացած Եվրոպային։ Անհրաժեշտ է կրկին ակտիվացնել դիվանագիտությունը... պատերազմը պետք է ավարտվի այնպես, որպեսզի ապահովվի խաղաղություն և վերականգնվի կայունությունը մայրցամաքում», - Ֆիդանի խոսքերն է մեջբերում Star թերթը։

Նրա կարծիքով՝ հակամարտության էսկալացիայի (սրման) ռիսկը պահպանվում է։

«Էսկալացիայի ռիսկը նախկինի պես մեծ է։ Իսկ ի՞նչ, եթե պատերազմը աշխարհագրորեն տարածվի եվրոպական երկրներից մեկի վրա։ Ի՞նչ, եթե պատերազմը համակարգային առումով կոնվենցիոնալ զենքի կիրառման փուլից անցնի մարտավարական միջուկային, իսկ հետո՝ լիարժեք միջուկային փուլի։ Քանի դեռ այս պատերազմը շարունակվում է, էսկալացիայի սպառնալիքը մնում է», - նշել է Ֆիդանը։

Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ իր երկիրը չորս անգամ հյուրընկալել է Ուկրաինայի հարցով բանակցությունները և կրկին պատրաստ է տրամադրել հարթակ՝ արդարացի և տևական խաղաղության հասնելու համար։ «Ուկրաինան փորձություն է ոչ միայն միջնորդության, այլև եվրոպական անվտանգության ապագայի համար», - հայտարարել է Ֆիդանը։

2022 թվականի մարտին Ստամբուլում տեղի էին ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները խափանվել էին Ուկրաինայի մեղքով։ Բանակցային գործընթացը դադարեցվել էր և վերսկսվել երեք տարի անց։

2025 թվականին Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երեք փուլ։ Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են իրենց հարթակը Ուկրաինայի հարցով բանակցությունների և խաղաղության գագաթնաժողովի համար կրկին տրամադրելու պատրաստակամության մասին։