Լրահոս
Միջազգային
14:46
07.05.26
121

Պեկինն ու Վաշինգտոնը կքննարկեն Տայվանի հարցը. սպասվում է Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը

Img default alt hy

Տայվանի հարցը կլինի քաղաքական հիմքը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև մոտ ժամանակներս նախատեսված բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծյանը։

«Տայվանի հարցը Չինաստանի առանցքային շահերի էությունն է, չին-ամերիկյան քաղաքական հարաբերությունների հիմքը», - հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով երկու երկրների առաջնորդների առաջիկա հանդիպմանը Տայվանի հարցի քննարկման հնարավորությունը։

Ինչպես նշել է Լին Ծյանը, ամերիկյան կողմը պետք է խստորեն պահպանի «մեկ Չինաստանի» սկզբունքը և երեք համատեղ կոմյունիկեները, կատարի Սպիտակ տան նախորդ վարչակազմերի ստանձնած պարտավորությունները Տայվանի հարցում։ «Դա նաև անհրաժեշտ պայման է չին-ամերիկյան հարաբերությունների կայուն, առողջ և հարատև զարգացման համար», - ընդգծել է նա։

Դիվանագետի խոսքով՝ ազգային միասնությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Չինաստանի վճռականությունը անսասան է։ «Տայվանյան սեպարատիզմը անհամատեղելի է Տայվանի նեղուցում խաղաղության հետ, ինչպես կրակն ու ջուրը», - եզրափակել է նա։

Տայվանը կառավարվում է սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտություն կրելուց հետո կղզի փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975) գլխավորությամբ։ Այդ ժամանակից ի վեր Տայբեյը պահպանում է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը և որոշ այլ ատրիբուտներ, որոնք գոյություն ունեին մայրցամաքում մինչև կոմունիստների իշխանության գալը։ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որին աջակցում են երկրների մեծ մասը, այդ թվում՝ Ռուսաստանը, այն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածաշրջաններից մեկն է։