Լրահոս
Միջազգային
16:08
05.05.26
148

Սթարմերը չի բացառել օտարերկրյա ազդեցությունը Բրիտանիայում հակասեմականության աճի հարցում

Img default alt hy

Միացյալ Թագավորության վարչապետ Կիր Սթարմերը չի բացառել, որ Լոնդոնում հրեական համայնքի դեմ ուղղված մի շարք միջադեպերի հետևում կարող է կանգնած լինել օտարերկրյա պետություն, և այս համատեքստում նախազգուշացում է հղել Իրանին։

«Հետաքննության հնարավոր ուղղություններից մեկն այն է, թե արդյոք օտարերկրյա պետություն է կանգնած եղել այդ միջադեպերի հետևում։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր հնարավորությունները և հստակ հայտարարում ենք, որ այդ գործողությունները հետևանքներ կունենան, եթե դա ապացուցվի», - ասել է Սթարմերը՝ ելույթ ունենալով Լոնդոնում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր Մեծ Բրիտանիայում հակասեմականության աճող մակարդակին։ Նրա հայտարարությունները հեռարձակել է Sky News հեռուստաալիքը։

«Մեր ուղերձն Իրանին կամ ցանկացած այլ երկրի, որը կարող է ցանկանալ բռնություն, ատելություն կամ պառակտում հրահրել հասարակության մեջ, հետևյալն է՝ մենք դա չենք հանդուրժի», - ընդգծել է բրիտանական վարչապետը։ Նա հավելել է, որ կառավարությունը հստակ հասկանում է, որ հակասեմականությունը չունի մեկ միասնական աղբյուր՝ այդ առումով հիշատակելով իսլամիստներին, ծայրահեղ աջերին և ծայրահեղ ձախերին։

Փետրվարի վերջին Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր՝ Լոնդոնում մի շարք հարձակումներ են գրանցվել հրեական կազմակերպությունների վրա։ Մասնավորապես, խոսքը «Հացալա» հրեական կամավորական կազմակերպության շտապօգնության մեքենաների հրկիզման և Jewish Futures հրեական բարեգործական կազմակերպության շենքի, երկու գործող և մեկ նախկին սինագոգների հրկիզման փորձերի մասին է։

Ապրիլի 29-ին Լոնդոնի հյուսիսում գտնվող Գոլդերս Գրին թաղամասում, որտեղ բնակվում է մեծ հրեական համայնք, դանակով հարձակում է տեղի ունեցել երկու անցորդի վրա։ Միջադեպի հետևանքով տուժել են 34 և 76 տարեկան երկու տղամարդ։ Նրանք գտնվում են հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Հարձակումն իրականացրել է Սոմալիում ծնված Մեծ Բրիտանիայի քաղաքացին։ Տղամարդը բերման է ենթարկվել դեպքի վայրում։ Միջադեպը ճանաչվել է որպես ահաբեկչություն։