Լրահոս
Հասարակական
16:00
24.07.26
152

Վախը եղել է բոլոր դավաճանությունների առաջին պատճառներից մեկը. Տեր Հեթում

Img default alt hy

«Ինչո՞ւ ես վաճառում Քրիստոսիդ»։ Այս հարցը միայն Հուդային ուղղված մեղադրանք չէ. այն ամեն օր ուղղվում է յուրաքանչյուր քրիստոնյայի խղճին, նշում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Տեր Հոր խոսքով՝ Քրիստոսը միշտ չէ, որ վաճառվում է երեսուն արծաթով. հաճախ Նա վաճառվում է լռությամբ, երբ պետք է խոսել, վախով, երբ պետք է վկայել, հարմարավետությամբ, երբ պետք է զոհողություն անել, և աշխարհին հաճոյանալով, երբ պետք է հաճոյանալ միայն Աստծուն։

«Այսօրվա մարդը հաճախ չի հրաժարվում Քրիստոսից խոսքով, այլ հրաժարվում է նրան իր կենսակերպով։ Երբ հավատքը դառնում է միայն կիրակնօրյա սովորություն, իսկ շաբաթվա մնացած օրերին մեր մտածողությունը, խոսքը և ընտրությունները չեն տարբերվում աշխարհի մտածողությունից, այդժամ սկսվում է հոգևոր առևտուրը։ Քրիստոսը չի լքում մեզ, այլ մենք ենք աստիճանաբար փոխանակում Նրան անցողիկ շահերի, մարդկային գնահատանքի և ժամանակավոր ապահովության հետ։

Աշխարհը միշտ կփորձի համոզել, որ ճշմարտությունը հարաբերական է, խիղճը՝ ճկուն, իսկ հավատքը՝ անձնական նախասիրություն։ Սակայն Ավետարանը բոլորովին այլ ճանապարհ է առաջարկում։ Քրիստոսը չի կանչում մեզ հոսանքին հետևելու, այլ սովորեցնում է լողալ հոսանքին հակառակ, որովհետև կյանքի գետը միշտ չէ, որ դեպի Աստված է հոսում։ Հոգևոր հասունությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը համարձակվում է «ոչ» ասել մեղքին, կեղծիքին և այն ամենին, ինչը հեռացնում է իրեն Աստծուց։

Վախը եղել է բոլոր դավաճանությունների առաջին պատճառներից մեկը։ Մենք վախենում ենք մերժվելուց, ծաղրանքից, կորուստներից կամ միայնակ մնալուց։ Բայց Ավետարանի ամենահաճախ կրկնվող պատվիրաններից մեկը հենց սա է. «Մի՛ վախեցիր»։ Որովհետև վախը մարդուն ստրուկ է դարձնում աշխարհի, իսկ հավատքը՝ ազատ որդի Աստծո։ Քրիստոսին հետևելը երբեք չի նշանակում հեշտ ճանապարհ ընտրել, այլ նշանակում է ընտրել ճշմարտությունը նույնիսկ այն ժամանակ, երբ այն արժե ամենաթանկը։

Փիլիսոփայական իմաստով մարդը միշտ ընտրության էակ է։ Նա անընդհատ որոշում է, թե ինչին է ծառայելու, ինչ արժեքների վրա է կառուցելու իր գոյությունը։ Չկա չեզոքություն. եթե մարդը չի ընտրում Աստծուն, անխուսափելիորեն ընտրում է որևէ կուռք՝ իշխանություն, փող, հաճույք, փառասիրություն կամ սեփական «ես»-ը։ Այդ պատճառով Քրիստոսի հարցը շարունակում է հնչել յուրաքանչյուր սրտում. «Ի՞նչ օգուտ մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի» (Մատթեոս 16:26)։

Այսօր ևս Տերը մեզ չի հարցնում, թե քանի անգամ ենք Նրան խոստովանել խոսքով, այլ՝ արդյոք մեր կյանքով վկայել ենք Նրա ներկայությունը։ Ամեն օր մենք կանգնած ենք երկու ճանապարհների առջև՝ վաճառե՞լ Քրիստոսին հանուն ժամանակավորի, թե՞ կորցնել ժամանակավորը հանուն հավիտենականի։ Առաջինը տալիս է կարճատև հանգստություն, երկրորդը՝ հավիտենական ազատություն։

Ուստի հարցը մնում է նույնը. «Ինչո՞ւ ես վաճառում Քրիստոսիդ»։ Թող մեր պատասխանը չլինի արդարացում, այլ ապաշխարություն։ Որովհետև Քրիստոսը երբեք չի դադարում թակել մեր սրտի դուռը՝ սպասելով ոչ թե կատարյալ մարդկանց, այլ նրանց, ովքեր կհամարձակվեն ասել. «Տե՛ր, ես Քեզ չեմ վաճառի, որովհետև Դու արդեն Քո կյանքը տվեցիր ինձ համար»»,- գրել է Տեր Հեթումը։