Լրահոս
Մամուլի տեսություն
10:06
21.07.26
481

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ժամը 15:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանդիսավոր արարողությամբ կհանձնվեն Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորների մանդատները։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչև երեկ ուշ երեկո գործընթացը շարունակում էր մնալ խիստ անորոշ, հատկապես իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչև երեկ կեսգիշեր իշխանական թիմում վերջնական հստակություն չկար, թե ովքեր են ստանալու պատգամավորական մանդատ, իսկ ովքեր՝ ինքնաբացարկ ներկայացնելու։

Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված անորոշության հիմնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջնական քաղաքական որոշումների բացակայությունն է։ Փաշինյանն այս օրերին գտնվում է արձակուրդում, և, ըստ մեր տեղեկությունների, մինչև այժմ վերջնական ցուցումներ չեն տրվել, թե ՔՊ համամասնական ցուցակի որ թեկնածուները պետք է ստանձնեն պատգամավորի մանդատը, իսկ ովքեր պետք է հրաժարվեն դրանից։

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները հայտնում են, որ հենց այդ պատճառով այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայանան 64-ից զգալի ավելի թվով իշխանական թեկնածուներ։ Չի բացառվում, որ նրանց մի մասը միայն տեղում կտեղեկանա՝ պետք է ընդունի՞ պատգամավորական մանդատը, թե՞ ներկայացնի ինքնաբացարկի դիմում։

Այս պահի դրությամբ իշխանական ցուցակի անցողիկ հատվածն ավարտվում է Էդուարդ Աղաջանյանով՝ DJ Էդո։ Սակայն, հաշվի առնելով, որ ինքնաբացարկների և հնարավոր կադրային նշանակումների վերաբերյալ վերջնական որոշումները դեռևս ամբողջությամբ չեն հրապարակվել, չի բացառվում, որ վերջին պահին նոր փոփոխություններ լինեն։

Այսպիսով, թեև մանդատների հանձնման արարողությունը նախատեսված է հանդիսավոր ձևաչափով, իրականում այն կարող է վերածվել նաև վերջին րոպեի քաղաքական որոշումների և ինքնաբացարկների գործընթացի, հատկապես իշխանական թիմի համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: