Լրահոս
Միջազգային
12:55
21.07.26
249

Իրանի հարվածների հետևանքով Հորդանանում ԱՄՆ բազայում երկու զինվորական է զոհվել․ WSJ

Img default alt hy

Իրանի ԶՈՒ-ն Հորդանանում ԱՄՆ բազայի ուղղությամբ հարվածների հետևանքով խոցել է մարզադահլիճը, ինքնաթիռների անգարն ու բնակելի բլոկը, ինչի հետևանքով զոհվել է երկու ամերիկացի զինվորական։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին։

Նրանց տեղեկություններով՝ իրանական հրթիռային հարձակումների ժամանակ բազայում հնչել են վտանգի մասին ազդարարող շչակներ։ Առաջին դեպքում, երբ հարվածը բաժին է հասել մարզադահլիճին, որոշ զինվորականներ վիրավորվել են ապաստարան գնալիս։ Երկրորդ հրթիռը, ինչպես նշում են պաշտոնյաները, ընկել է ինքնաթիռների դատարկ անգարի մեջ։ Երրորդ անգամ Իրանի ԶՈՒ-ն թիրախավորել է բնակելի բլոկը, որտեղ տեղակայված էին զինծառայողները։ Նշվում է, որ բոլորը չէ, որ հասցրել են հասնել բունկեր, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մեկը համարվում է անհետ կորած։ Առայժմ պարզ չէ, թե ինչպես են զոհվել զինվորականները՝ արդյոք նրանք եղել են բլոկում, թե՞ մահացու վիրավորում են ստացել ապաստարան գնալու ճանապարհին։

Ինչպես գրում է հրատարակությունը, Հորդանանում բազայում երկու ամերիկացի զինվորականների մահը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը մինչև օրս չի կարողանում լուծել Մերձավոր Արևելքում տեղակայված 50 հազար զինծառայողների պաշտպանության խնդիրը։